ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի —Sputnik. Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց: Քաղաքապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը՝ պատասխանատուները նշել են, որ կրթություն ստանալուն զուգահեռ, դպրոց հաճախող երեխաներին այստեղ ուսուցանում են նաև քաղաքում ինքնուրույն տեղաշարժվել և ղեկավարվել:
Երևանի քաղաքապետին են ներկայացվել դպրոցի բակում տեղադրված հատուկ գոգավոր ծածկույթով դեղին սալիկները, որոնք նպատակ ունեն օգնելու տեսողական խնդիրներ ունեցող անձանց նախազգուշացնելու, որ առջևում առկա են որոշակի խոչընդոտներ՝ աստիճաններ, մայթի ավարտ և այլն:
Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում լայն կիրառում ունեցող գոգավոր դեղին այս սալիկները հետագայում տեղ կգտնեն նաև մայրաքաղաքի որոշակի հատվածներում: Որպես փորձնական ծրագիր, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ քննարկելով, այս դպրոցից բացի, նաև «Կույրերի մշակույթի տան» մուտքի աստիճանավանդակն ու Թումանյան փողոցի մի հատվածն է որոշվել կահավորել նման սալիկներով:
Առանձնակի կարևորելով նմանատիպ ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հարմարավետ քաղաք ունենալը ծրագրային այն առաջնահերթություններից է, որի կյանքի կոչման արդյունքում Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի համար:
«Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետարանն ակտիվ համագործակցություն է ծավալել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, և արդեն նկատելի արդյունքներ ունենք: Նաև արդեն երեք տարի է, ինչ մենք համայնքային բյուջեում միջոցներ ենք նախատեսում Երևան քաղաքում թեքահարթակներ կառուցելու համար: Մրցույթի հիմնական պահանջը մեկն է, որպեսզի կատարվի որակյալ աշխատանք և ապահովվի իսկապես հարմարավետ միջավայր, իսկ վերահսկողությունն էլ իրականացնում ենք շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ միասին:
Քաղաքապետը հանձնարարական է տվել գլխավոր ճարտարապետին, որպեսզի նախագծային բոլոր աշխատանքների ժամանակ հաշվի առնեն ներկայացվող բոլոր առաջարկները: Քաղաքաշինական ծրագրերից հետո ավարտական ակտերը ևս ընդունվում են միայն այն դեպքում, երբ ապահովված են լինում թեքահարթակների հետ կապված բոլոր պայմանները: Այսօր արդեն մեծ ծրագիր ենք սկսում նաև կույրերի համար, որը ևս կիրականացվի բոլոր վարչական շրջաններում:
«Փորձում ենք նաև քաղաքային տրանսպորտը հարմարավետ դարձնել հատուկ խմբերի մեր համաքաղաքացիների համար: Բայց այսքանով չպետք է սահմանափակվենք, անելիքները դեռ շատ են: Քաղաքային իշխանությունը հստակ գիտակցում է, որ դեռևս խորհրդային տարիներից եկող այս բացթողումը պետք է լրացվի, և մենք պետք է լուծումներ տանք»,- ընդգծել է քաղաքապետ:
Նա ևս մեկ անգամ նշել է, որ քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և պատրաստ է լսել բոլոր առաջարկություններն ու միասնական լուծումներ տալ խնդիրներին: