ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանում բացվեց գրող և լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի կազմակերպման գործին աջակցել են Ռուսաստանի գրողների միությունն ու Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերությունը։
«Ցուցահանդեսը Ռուսաստանի և Հայաստանի ստեղծագործող մարդկանց հարաբերությունների զարգացման շարունակություն է և Հայաստանի ու իմ ծննդավայր Երևանի հանդեպ ունեցած սիրո դրսևորում։ Ուզում եմ, որ այս հարաբերությունների ավանդույթները պահպանվեն և ինֆորմացիան պահպանվի գալիք սերունդների համար», — ասաց Օսեպյանը։
Լուսանկարչի խոսքով` իր համար ոչ մի սահմանափակում չկա. լուսանկարում է այն ամենը, ինչն իրեն դուր է գալիս և բոլոր այն հետաքրքիր կերպարները, որոնք հայտնվում են իր լուսանկարչական սարքի տեսադաշտում։
«Այսօրվա ցուցահանդեսին ներկայացված է 31 աշխատանք։ Սա այն էր, ինչ կարողացել եմ ինձ հետ բերել։ Ցուցահանդեսներ եմ ունեցել նաև աշխարհի մյուս երկրներում։ Հայկական ցուցանմուշները տարբերվում են իրենց քանակով և ձևաչափով։ Իմ արվեստի հիմքում մեր շուրջը գտնվող աշխարհն է», — նշեց Օսեպյանը։
Օսեպյանը գրող է, հրատարակիչ, «Մեկենաս և Աշխարհ», «Առագաստ» ալմանախների գլխավոր խմբագիր, «Այցելություն Երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ» գրքերի հեղինակը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։