ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն աշխատանքն ավարտել է հռչակագրի ընդունմամբ, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Հռչակագրի տեքստում նշված է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ և ողջունում է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ ներգրավվածությունը:
«Կոչ ենք անում խորհրդարանականներին` խրախուսել կողմերի քաղաքական կամքը` ներդնելու լուրջ ջանքեր` հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված և համակողմանի լուծման»,- ասված է հռչակագրում:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն անցկացվել է հուլիսի 1-5-ը Թբիլիսիում:
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։