ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:
«Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների, և մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,-ընդգծել է նախագահը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին և նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար:
Նա կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաև ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի և երկրում բասկետբոլ մարզաձևի զարգացման հեռանկարի մասին:
Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարևոր խթաններից մեկն է:
Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ:
Նշենք, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականը Մոլդովայից Հայաստան է վերադարձել գիշերը:
«Զվարթնոց» օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել են մեծ թվով մարզասերներ, լրագրողներ, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, տեղեկացնում է armsport-ը:
Հիշեցնենք, որ Քիշինևում կայացած փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին դարձավ չեմպիոն: