ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Սահմանադրական փոփոխությունների մասին լուրերը դժգոհության ալիք բարձրացրին Հայաստանում. մեծահասակներն ու երիտասարդները բողոքի ակցիաներ կազմակերպեցին:
Թեև նոր օրենքի գաղափարը շատերի սրտով չէր, այնուամենայնիվ Հայաստանի բնակչության մեծամասնությունը 2015 թվականին կողմ քվեարկեց երկրի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ Բարեփոխումների արդյունքում Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի:
Օրենսդիրներն ու փորձագետերը պնդում են, որ նոր Սահմանադրությունը կփոխի Հայաստանի կյանքն ու մեզ լուսավոր և կայուն ապագա կբերի:
«Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության հիմնաքարն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը` անդրադառնալով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդունած սահմանադրական փոփոխություններին:
«Ցանկացած պետության հիմքում սահմանադրությունն է: Այնպիսի սահմանադրությունը, որը թույլ է տալիս ապահովել երկրի կայուն զարգացումը», — ասաց նա:
Սահմանադրության և հասարակության փոխկապակցվածության մասին խոսելիս նա նշեց, որ Հայաստանում հաճախ այնպիսի տեսակետներ էին հնչում, որոնք «մեղմ ասած, հեռու էին իրականությունից»:
«Այս հարցի մասին խոսողները ոչ մի կերպ չէին հիմնավորում իրենց ասածները: Բացասական կարծիքներ հնչում էին, բայց ոչ ոք չէր կարողանում հիմնավորել իր տեսակետը», — ասաց Ղազինյանը:
Սահմանադրությունն այն օրենքը չէ, որին կարելի է մակերեսորեն վերաբերվել: Այնինչ, երբ մասնագետներն իրենց առաջարկներն էին անում, փորձագիտական խորհուրդը քննարկում էր բոլոր տարբերակները:
Երկրի գլխավոր օրենքի դրական և բացասական կողմերի մասին խոսելիս Ղազինյանը նշեց, որ միայն դրականն է տեսնում:
«Կարող եմ նշել քաղաքացու և մարդու կարգավիճակին վերաբերող մի դրույթ: Ի տարբերություն 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների, 2015 թվականին մենք մարդու իրավունքների, ազատության և պարտավորությունների ավելի լայն իրավական կարգավորման հնարավորություն ստացանք: Մենք նոր իրավունքներ սահմանեցինք, ավելի կոնկրետ` որոշ իրավունքներ սահմանադրական նոր մակարդակ բարձրացրինք: Մասնավորապես, խոսքը ազատ գործելու իրավունքի, արդար դատավարության, ինչպես նաև վարչական իրավունքի մասին է», — ասաց փորձագետը:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ հիմնական օրենքը մի շարք սահմանադրական սկզբունքներ է նախատեսում, որոնք չափազանց կարևոր են մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատության տեսանկյունից:
Բացի այդ, Ղազինյանի խոսքով, մեկ փաստաթուղթը բավարար չէ, որ երկիրը ժողովրդավարական դառնա:
«Պետություն-քաղաքացի հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորել իրավանորմատիվ ակտերը, ինչպես նաև` սահմանադրությունը: Օրենքը պետք է քայլի ժամանակին համընթաց, քանի որ միայն նման օրենքը կարող է ապահովել երկրի նորմալ զարգացումը», — ավելացրեց մասնագետը:
1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։