ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Հռոմի պապին և շնորհակալություն հայտնել մեր հինավուրց հողին և բազմաչարչար ժողովրդին ջերմություն բերելու համար:
«Մենք շատ ուրախ ենք, որ հաջորդ տարի նշելու ենք ՀՀ-Վատիկան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, շատ ուրախ ենք, այս տարիներին շատ նշանակալի իրադարձություններ են եղել»,- ասել է ՀՀ նախագահը` նկատի ունենալով Հովհաննես Պողոս պապի այցելությունը, Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոս տաճարի որմնախորշում:
«Նկատի ունեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը: Մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչում շնորհելը»,- ասել է Սարգսյանը։
Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով։
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը և Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը` Խոր Վիրապի վանքը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի պապի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սրբազան Քահանայապետին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ և Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դիմավորման պաշտոնական պատվիրակությունների կազմում եղել են պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եպիսկոպոսներ:
Օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները: Ազգային տարազով երեխաները Հռոմի պապին մատուցել են հայկական ծիրան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ: