ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարում Հրաշափառի Բարիգալստյան արարողության ընթացքում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված ողջույնի խոսքով է հանդես եկել: Գարեգին Բ-ն, մասնավորապես, ասել է.
«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ Մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և Իր Սուրբ Աջով հաստատեց Սուրբ Էջմիածինը՝ սրբություն սրբոցը համայն հայության: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ Լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները:
Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ: Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս և սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով մեր հավատացելոց և ողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում:
Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700¬ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին և տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները:
Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է: Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանում է ի փառս Աստծո»: