ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և գետի վարարման պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Ըստ հաղորդման` Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
Իսկ Հայաստանի տարածքում հունիսի 24-ի ժամը 11.10-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, ռուս-վրացական սահմանին ճանապարհի ուղղությամբ սելավի պատճառով Դարյալի կիրճի տղամարդկանց մենաստանում պատսպարվել է շուրջ 70 անձ, այդ թվում` զբոսաշրջիկներ և «Կազբեգի» հսկիչ անցակետի աշխատակիցները։
Վրաստանի ՆԳՆ ուղղաթիռներն առավոտից տարհանում են մարդկանց։ Առատ տեղումների արդյունքում նախօրեին Թերեք գետի հունը փոխվել է, սելավային հոսքերը լցվել Դևդորաքի սառցադաշտի ստորոտի ավտոճանապարհի վրա։ Վտանգավոր գոտում` Մցխեթա-Մթիանեթի-Լարս ճանապարհի 134-135 կմ-ում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։