ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Զիդանի` ֆուտբոլից հեռանալը գուցե գեղեցիկ չէր, բայց անչափ տպավորիչ էր։ Նա հեռացավ սպորտից, բայց այդ փաստը բոլորովին չխանգարեց, որ միլիոնավոր մարդիկ թիվ մեկ ֆուտբոլիստ համարեն հենց Զիդանին։
«Եթե ինչ-որ մեկը երբևէ ասի, որ կցանկանար նմանվել Զինեդին Զիդանին, ես իսկապես երջանիկ կլինեմ»,- մի անգամ ասել է ֆուտբոլիստը։
Նշանակում է` նա կատարյալ երջանիկ պետք է լինի։
Զինեդին Զիդանը ծնվել է 1972թ.-ի հունիսի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Նրա անունը` Զինեդին կամ Յազիդ, նշանակում է «հավատի գեղեցկություն»։ Եղել է ընտանիքում հինգերորդ և ամենակրտսեր զավակը։ Զիդանի ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել 1953թ.-ին ալժիրյան պատերազմի ժամանակ։ Յազիդն ու նրա ավագ եղբայրն անչափ մեծ սեր են ունեցել ֆուտբոլի նկատմամբ, բայց ընտանիքը չի կարողացել վճարել ուսման գումարը։
Զինեդինն իր սենյակում փակցրել էր երկու պաստառ` ֆուտբոլիստներ Ջամել Զիդանի և Էնցո Ֆրանչեսկոլիի նկարներով։ Ջամել Զիդանն Ալժիրի հավաքականի կիսապաշտպան էր, որը լեգենդար հաղթանակ է տարել ԳԴՀ հավաքականի դեմ խաղում 1982թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ։ Էնցո Ֆրանչեսկոլին ուրուգվայական ֆուտբոլի հերոս է։
Պատանի Զիդանը ֆուտբոլ է խաղացել Մարսելի շրջանների թիմերում, իսկ 1988թ.-ին հրավիրել է «Կանն» ակումբ, որտեղ մնացել է չորս տարի։ 1992թ.-ին պայմանագիր է կնքել «Բորդոյի» հետ, որի կազմում 1996թ.-ին հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթ։
1996-2001թթ.-ին Զիդանը խաղացել է ուժեղագույն պրոֆեսիոնալ ակումբում` «Յուվենտուսում»։ Հետո տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ» 46 մլն ֆունտ հոնորարով (66 մլն եվրո), որն այդ ժամանակների համար ռեկորդային գումար էր։ 2003թ.-ին «Ռեալ Մադրիդի» կազմում սկսել են հանդես գալ այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Դևիդ Բեքհեմը, Լուիշ Ֆիգուն, Ռոնալդոն։ Զիդանը ՖԻՖԱ-ի վարկածով երեք անգամ լավագույն խաղացող է ճանաչվել` 1998-ին, 2000-ին, 2003-ին։ «Ռեալի» կազմում խաղալու առաջին երկու տարվա ընթացքում Զիզուն շահել է Միջմայցամաքային գավաթը և Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը և Եվրոպայի սուպերգավաթը։
Նա հեռացել է սպորտից 2006թ.-ին, աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի կազմում կայացած խաղից հետո։ Օվերթայմի ավարտից 10 րոպե առաջ Զիդանի և Մատերացիի միջև վիճաբանություն սկսվեց, որն անսպասելի ավարտ ունեցավ. ֆրանսիացին գլխով հարվածեց իտալացուն, և նրան հեռացրին դաշտից։
Հենց այս դեպքից հետո նա ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ ՖԻՖԱ-ի որոշմամբ` Զիդանը զրկվեց երեք խաղի մասնակցությունից, բայց քանի որ նա ավարտել է կարիերան, պատիժը փոխարինվեց երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքով։ Առաջնության արդյունքներով Զիդանն առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց։
2009թ.-ի հունիսի 1-ից եղել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականը։ 2010թ.-ի նոյեմբերի 12-ից դարձել է ակումբի նախագահ Պերեսի խորհրդականը։ 2016թ.-ի հունվարի 4-ից Զիդանը նշանակվել է «Ռեալի» գլխավոր մարզիչ` այդ պաշտոնում փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին։
Գլխավոր մարզիչ նշանակվելու պահին Զիդանը համապատասխան փորձ չուներ. նա ժամանակին միայն կատարել է Կառլո Անչելոտիի օգնականի պարտականությունները, իսկ հետո շուրջ մեկ տարի գլխավորել «Ռեալի» պահեստային ակումբը` «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», որը հանդես է գալիս երկրորդ իսպանական դիվիզիոնում։
Իսպանիայի առաջնությունում Զիդանի մարտավարական գաղափարների շնորհիվ «Ռեալը» կարողացավ պայքարել առաջին տեղի համար, թեև խաղաշրջանի սկզբում նվաճած առավելության շնորհիվ հաղթող դարձավ «Բարսելոնան», իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում «Ռեալը» կարողացավ պարտության մատնել Մադրիդի «Ատլետիկոյի» գործընկերներին, որոնք նախկինում պայքարից դուրս էին մղել մնացած ֆավորիտներին, որոնց թվում էին նաև կատալոնական ակումբն ու Մյունխենի Բավարիան։
«Ռեալի» մարզիչն ընդգրկվել է այն անձանց էքսկլյուզիվ ակումբում, որը կարողացել է նվաճել Չեմպիոնների գավաթը թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ, ընդ որում երկու անգամն էլ` նույն ակումբի կազմում։ Զիդանը դարձել է առաջին ֆրանսիացի մարզիչը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում։
Սակայն ինչպես խոստովանել է Զիդանը, իր համար ամենագլխավորն ընտանիքն է։ Զիդանն իր կնոջ հետ ծանոթացել է ակն ժամանակ, երբ ապրել է «Մեմոն» կենտրոնում։ Վերոնիկա Ֆերնանդեսն առաջին հայացքից է գերել նրան։ Նրանք ամուսնացել են 1994թ.-ի մայիսին։ Այժմ մեծացնում են չորս զավակներին։