ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. «Վարդավառ» միջազգային ամենամյա երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 3-ին` Վարդավառի տոնին։ Գեղարդի վանքում այն կմեկնարկի առավոտյան պատարագով, որից հետո բուն տոնակատարությունները կտեղափոխվեն արդեն Գառնու տաճար։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները` վստահեցնելով, որ տոնակատարություններն անցնելու են ջերմ, բայց թաց մթնոլորտում։
Փառատոնի կազմակերպիչներն առաջարկում են Վարդավառը տոնել այնպես, ինչպես մեր նախնիներն են տոնել ավելի քան 2000 տարի առաջ։
«Ունենք մի քանի ծես, որոնք ներկայացնելու ենք թատերականացված ներկայացումների և ծիսական խաղերի ու երգերի ձևով։ Գիտեք` կան երգեր, որտեղ տղաները աղջիկներին են վատ բաներ ասում, աղջիկները` տղաներին։ Իսկ վերջում, բնականաբար, նրանք սիրում են իրար, և ամեն ինչ ավարտվում է սիրով»,- փառատոնի որոշ գաղտնիքներ է բացում դրա գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը։
Այս տարի փառատոնի հիմնական առաքելությունը նախաքրիստոնեական շրջանի հայ ազգային խաղերը ներկայացնելն է։ Փառատոնի մասնակիցները խաղավարների օգնությամբ կխաղան իրենց նախահայրերի սիրած խաղերը։ Կազմակերպիչները 7-8 խաղ են ընդգրկել ծրագրում։
«Հիմնականում լինելու են հայկական ռազմախաղեր, օրինակ` հրոց-բրոց կամ հավասարակշռության խաղ, աքլորակռիվ և, իհարկե, պարախաղեր»,- ասում է «Վարդավառ» փառատոնի համակարգող Սոնա Փարսյանը։
Իսկ փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը պարզաբանում է, որ «հրոց-բրոցը» խաղում են գերանի վրա կանգնած։
«Երկու հոգի կանգնում են գերանին, ձեռքում ձողափայտեր են բռնում, որոնց ծայրերին փափուկ բարձեր են ամրացված։ Խաղացողները պետք է փորձեն միմյանց գցել գերանից»,- ասում է նա` ավելացնելով, որ խաղի արդարությանը հետևելու են խաղավարները։ Այնպես, որ բոլոր նրանց, ովքեր կցանկանան վերապրել իրենց նախնիների ազգային կենցաղի հաճելի պահերը, «Վարդավառի» կազմակերպիչները հրավիրում են Գառնու տաճար։
Ի դեպ, փառատոնն իր գոյության 3 տարվա ընթացքում հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում։ Իսկ զբոսաշրջային ընկերությունները փառատոնի այցելությունն ընդգրկում են իրենց երթուղիներում։
«Վարդավառը» դժվար է պատկերացնել առանց ջրի, ուստի փառատոնի պաշտոնական ծրագրով միմյանց վրա ջուր ցողելուն կոնկրետ ժամ է հատկացված, բայց կազմակերպիչներն էլ համոզված են, որ համահայկական խաղի վերածված ջրի պաշտամունքի այս արտահայտությունն այդքանով չի սահմանափակվի։
«Եթե փորձեք չոր մոտենալ Գառնու տաճարին, դուք չեք հասցնի, որովհետև գյուղացիները ձեզ կլողացնեն,- փառատոնի այցելուներին նախապես զգուշացնում է գեղարվեստական ղեկավարը,- նույնիսկ առավոտյան, երբ մենք դեռ պատարագի ենք մասնակցում, ու մարդկանց մեծ մասը չի կարողանում ներս մտնել, քանի որ եկեղեցին փոքր է, դրսում արդեն բակի ցայտաղբյուրի մոտ սկսվում է իրար վրա ջուր ցողելու, իրար ջրելու խաղը, երգն ու պարը»։
Իսկ այն, որ Վարդավառի տոնին Գառնիում եղանակը բարենպաստ է լինելու ջրվելու համար, երաշխավորում է Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը` նշելով, որ մասնակիցների բարձր տրամադրությունն իր դրական ազդեցությունն է թողնելու նաև եղանակի վրա։
Ի դեպ, փառատոնի օրը Գառնիում նաև Հայաստանի 125 մետրանոց դրոշն է բացվելու, որն աշխարհին հայտարարելու է մեր ազգային հնագույն տոնի ու ավանդույթների անմահության մասին։ Իսկ փառատոնի կազմակերպիչներն առաջիկայում մտադիր են Վարդավառը ներկայացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու համար։