ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը Հանրային դիվանագիտության դպրոցի բացման մասին հայտնեց Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` դպրոցի հիմնական խնդիրն է սովորեցնել երիտասարդներին կողմնորոշվել քաղաքական, տեղեկատվական և քաղաքագիտական ոլորտներում, Հայաստանի Հանրապետության կյանքում սովորել առանձնացնել գլխավորը, ընդունել ճիշտ որոշումներ, իրագործել նախագծեր` հիմնվելով համակարգված տեղեկատվության վրա։
«Սա յուրահատուկ նախագիծ է, քանի որ ժամանակակից աշխարհում երիտասարդների համար շատ բարդ է կողմնորոշվել ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի և համացանցի միջոցով փոխանցվող տեղեկատվական հոսքում։ Շատ հաճախ դա, այսպես կոչված, «հոլովակային մտածողություն» է առաջացնում, երբ մենք միայն կցկտուր փաստեր և տեղեկություններ ենք տեսնում, և դրա հետ կապված ամբողջական պատկերներ չեն ձևավորվում գլխում»,- նշեց Կալինինը։
Կենտրոնի ղեկավարը նշեց, որ այսօր բազմաթիվ տեղեկատվական ու քաղաքագիտական հարթակներ կան, որոնք որոշակի հայացք են ձևավորում տեղեկատվության ընդհանուր հոսքում։
Նրա խոսքով` ցանկացած ողջամիտ մարդու համար շատ կարևոր է քննադատորեն վերաբերվել տեղեկատվության աղբյուրներին, առանձնացնել ամենաօբյեկտիվը, իսկ հետո ճիշտ հետևություններ անել։
«Դպրոցում դասավանդող մեր փորձագետներն իրենց դասախոսություններում շեշտը կդնեն տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերի վրա»,- ասաց Կալինինը։
Նրա խոսքով` դպրոցի ծրագրում կա գործնական մաս, որի ընթացքում մի շարք միջոցառումներ, դասախոսություններ և սեմինարներ կանցկացվեն։ Օրինակ` հունիսի 17-ին դպրոցի աշակերտների համար դասախոսություն կկարդան Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները։
«Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնի ղեկավար Տիգրան Շադունցն իր հերթին նշեց, որ նոր դպրոցը երիտասարդ մասնագետներ ու դիվանագետներ կպատրաստի, որոնք կզարգացնեն դիվանագիտության ինստիտուտը։
«Բոլորիս հայտնի է, որ Հայաստանը և հայ ժողովուրդն այդպիսի մասնագետների կարիք ունեն։ Միաժամանակ մենք հզոր գործիք ունենք` սփյուռքը։ Թեև միշտ չէ, որ օգտագործվում է սփյուռքի ներուժը, որի հետ կապված համապատասխան կադրեր նախապատրաստելու անհրաժեշտություն է ծագում»,- ասաց Շադունցը։
«Սերունդի» ղեկավարը նշեց, որ նախագծի իրագործման շրջանակում նախատեսվում են հանդիպումներ անցկացնել տարբեր կորպորացիաների փորձագետների ու ներկայացուցիչների հետ։
«Մենք այդ նախագիծն իրագործում ենք երկու երկրի` Հայաստանի և Ռուսաստանի շահերը փոխըմբռնելու, ինչպես նաև տարածաշրջանի և ողջ աշխարհի համար։ Հանրային դիվանագիտության գործիքը շատ արագ և արդյունավետ է աշխատում, ու դա շատ զարգացած համակարգ է։ Մենք «մեղմ ուժի» գործընթացը վերահսկելու նպատակ ունենք։ Ղարաբաղում քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ակտիվ գործում են ինչպես ԶԼՄ-ները, այնպես էլ`առանձին պրոֆեսիոնալ փորձագետներն ու սփյուռքը, բայց համակարգման հետ կապված խնդիրներ կան»,- նշեց` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Հանրային դիվանագիտության դպրոցը» կրթական ծրագիր է, որը նախատեսված է մասնագետների համար հասարակական գիտությունների բնագավառում, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու որակավորումը «մեղմ ուժի» բնագավառում։
Դպրոցի ծրագիրը բաղկացած է 6 մոդուլից, որոնք հնարավորություն կընձեռեն ձեռք բերել հիմնական գիտելիքներ հանրային դիվանագիտության տեսակների և մեթոդների, լոբբինգի տեսակների ու սեփական շահերի առաջխաղացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման վերաբերյալ, յուրացնել ազդեցություն գործելու ժամանակակից մեխանիզմներն ու հասարակական կազմակերպությունների կառավարման հմտությունները, վերլուծել ազգերի մշակութային արժեքներն ու քաղաքակրթությունները, յուրացնել տեղեկատվության մանիպուլյացիայի հնարքները, ծանոթանալ բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու առանձնահատկություններին, վերլուծել պետական և վերպետական հաստատությունների հետ աշխատանքի մեթոդներն ու տեխնոլոգիաները։