ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Գյումրու «Վարդանանց» հրապարակում մեկնարկել են ձեռամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան պապի մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները:
Բեմը կունենա բավական մեծ` 26 մետր երկարությամբ և 12 մետր խորությամբ ու լայնությամբ խորան, բեմի ծածկի վրա կլինի խաչ, սուրբ սեղանը կլինի մոտ 2 մետր բարձրության, տեղեկացրեց Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցիների առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տ. Հովսեփ քհն. Գալստյանը:
«Բեմի վրա պետք է լինի մինչև 100 մարդ՝ հիմնականում հայ կաթողիկե հոգևորականներ, գուցե նաև երգչախումբը, տեղադրված կլինի խաչքար, կլինեն նաև Աստվածամոր ու Հիսուս մանկան պատկերները: Բեմի դիմաց կտեղադրվեն նստարաններ, կլինեն նաև հատուկ բաժիններ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- նշեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը։
Նրա խոսքով` հրապարակի ողջ տարածքն արգելապատնեշներով փակ է լինելու: Հրապարակում տեղադրված կլինեն նաև մեծ էկրաններ:
Սուրբ պատարագը մեկնարկելու է հունիսի 25-ին` առավոտյան ժամը 11:00-ին: Պատարագը լինելու է լատինական ծեսով, բայց ընթացքում հնչելու են նաև հայկական շարականներ՝ հայկական երգչախմբերի կատարմամբ:
Հրավիրատոմսեր ձեռք բերելու համար միայն Գյումրիից գրանցված է ավելի քան 13 հազար քաղաքացի, գրանցվածներ կան նաև հանրապետության այլ համայնքներից, Ջավախքից, ՌԴ-ից, ուխտավորներ կլինեն Լիբանանից:
Գյումրիում Հռոմի Պապը կայցելի նաև Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար: