ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահը նշել է, որ լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ և երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող և թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը:
«Տասնամյակներ շարունակ համաժողովրդական մեծ սեր վայելող նրա կատարումները հիացրել ու ոգեշնչել են հայրենի հանդիսատեսին, հայ մնալու ուժ ու կորով հաղորդել սփյուռքի մեր հայրենակիցներին: Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին, ֆենոմենալ հաջողություններ է արձանագրել հայ երգարվեստում և արդեն 34 տարեկանում ստացել ՀՀ ժողովրդական արտիստ կոչումը: 2011 թվականին հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի: