ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Sputnik Արմենիայի անցկացրած հարցման արդյունքները ցույց տվեցին, որ սմարթֆոններ ունեցող մարդիկ պատրաստ են աջակցել հայրենական արտադրողին։ Հայկական արտադրության սմարթֆոնի օգտին է քվեարկել հարցման մասնակիցների 48,4%-ը։
Քվեարկության արդյունքում շատերն են ընտրել նաև «վստահում եմ հայտնի ապրանքանիշներին» տարբերակը։ Այսպես է պատասխանել հարցվածների 12.4%-ը։ Հարցվածների 13.1%-ը նշել է, որ ծանոթ չէ հայկական արտադրանքին, իսկ 13.7%-ն էլ նշել է, որ «ապրանքանիշը կապ չունի. կարևորը` տեխնիկան լավ աշխատի»։
Հարցումն անցկացվել է հունիսի 7-9-ը, հարցմանը մասնակցել է ավելի քան 150 մարդ։ Հայկական ArmPhone-ի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 6-ին։
Արտադրողները հայտնել էին, որ իրենց արտադրանքը ոչնչով չի զիջում համաշխարհային առաջատար ապրանքանիշներին։
ArmPhone-ն առայժմ ունի հինգ մոդել` ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520, որոնք իրարից տարբերվում են օպերատիվ հիշողության ծավալով, էկրանի չափով, տեսախցիկի հզորությամբ։ Շարքի «ամենամեծ» սմարթֆոնը` ArmPhone 0520-ն ունի 1.3GHz հաճախականությամբ ութ միջուկանի պրոցեսոր, 5,1 դյույմանոց Full HD սենսորային էկրան, 32 ԳԲ ներքին հիշողություն և 3 ԳԲ օպերատիվ հիշողություն։
Մոդելն ունի երկու տեսախցիկ, հիմնական (13 մեգապիքսել) և դիմային (8 մեգապիքսել)։ Սարքն ունի MicroSD քարտի հնարավորություն, որը կարող է հիշողությունն ավելացնել 32 ԳԲ-ով։ Մոդելն ունի նաև երկու SIM-քարտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև պաշտպանված է մատնահետքի սկաներով։ ArmPhone 0502-ի շարքի «ամենափոքր» մոդելն ունի 8 ԳԲ ներքին հիշողություն և 1 ԳԲ օպերատիվ հիշողություն։