ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Երևանում մեկնարկում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը:
Հայաստանի Հանրապետությունը 2016թ. նախագահում է ՀԱՊԿ-ում, և համաձայն ընդունված կարգի՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը այդ ժամանակահատվածում անցկացվում են Հայաստանում:
ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստը նախ կայանալու է նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Նեղ կազմով նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հակազդման հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքը և կազմակերպչական հարցեր:
Ընդլայնված կազմով նիստում կքննարկվեն թմրամոլության դեմ պայքարի հարցեր, կներկայացվի ՀԱՊԿ ԱԽՔԿ որոշմամբ ստեղծված Կազմակերպության գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները որոշում կընդունեն «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի», ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ:
Նիստի ավարտից հետո տեղի կունենա միջոցառման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիս: