ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի-Sputnik. Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում իշխանությունները սահմանել են ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր` «կարմիր» մակարդակ, բնակիչները ստանում են SMS-ծանուցումներ համապատասխան տեղեկատվությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tengrinews.kz-ին։
Կիրակի օրը փոխհրաձգություն էր տեղի ունեցել քաղաքի միանգամից երեք շրջաններում։ Անհայտ անձինք հարձակվել էին զենքի երկու խանութների և զորամասի վրա։ Հատուկ գործողության ընթացքում իրավապահ մարմինները սպանել են չորս հանցագործի, ևս յոթը ձերբակալվել է։ Երկուշաբթի առավոտյան իրավապահ մարմինները հաղորդել են, որ ոչնչացվել են ևս հինգ ծայրահեղականներ։
«Գիշերը օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից չեզոքացվել է ևս հինգ հանցագործ և երկուսը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրությունում։
Զոհվել է վեց մարդ` երեք քաղաքացիական անձ և երեք զինվորական, ևս տասը վիրավորվել է։
Մամուլի հաղորդագրության համաձայն` հանցագործների մոտից առգրավվել է հափշտակված զենքի մեծ մասը։ «Բոլոր հանցագործների ինքնությունը, որոնք մասնակցել են հարձակումներին, պարզվել է։ Ձեռնարկվել են միջոցառումներ` նրանց գտնելու և ձերբակալելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Ղազախստանի ՆԳՆ տվյալներով` հարձակումը կատարել է «ոչ ավանդական կրոնական արմատական հոսանքների» հարող խումբը։
Տագնապի «կարմիր» մակարդակը հայտարարվում է, երբ տեղեկատվություն կա տեղի ունեցած ահաբեկչության կամ կրկնակի հարձակման նախապատրաստման մասին։