ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, ում պատկանում է «Տաշիր» ընկերությունների խումբը, ամուսնացրել է ավագ որդուն՝ Սարգսին։
Միլիարդատիրոջ, «ՀԷՑ»-ի սեփականատիրոջ 23-ամյա որդին ամուսնացել է դիզայներական իրերի վաճառքի Buy By Me օնլայն նախագծի համասեփականատեր Սալոմե Կինցուրաշվիլիի հետ:
Ինչպես գրում է Elle.ru-ն, տոնական արարողությունն անցկացվել է Մոսկվայի Safisa ռեստորանում, որը վերածվել է Դիսնեյի «Մալեֆիսենտա» հեքիաթից կախարդական անտառի:
«Կարապետյանի կազմակերպած հանդիսությունն ապշեցնում էր իր ծավալով՝ ավելի քան 500 հյուր, բնական ծաղիկներով զարդարված սրահ, հսկայական մեծության տորթ (որը սրահ մտցնելիս քիչ էր մնացել դիպչեր ջահին) և Maroon 5 խմբի առաջնորդ Ադամ Լևինի ելույթը, որը նախօրեին «Օլիմպիյսկիում» համերգ էր տվել և անձամբ շնորհավորել էր նորապսակներին»,- գրում է հրատարակությունը:
Զույգի ընկերները, որոնք սոցցանցերում տեղադրել են «Սաֆիսից» լուսանկարներ, ավելացրել են #sarkissalome հեշթեգը և զույգին անվանել Sa&Sa:
Ծրագրերի մեխը նորապսակների պարերն էին. սկզբից յուրաքանչյուրն իր պարը կատարեց, իսկ հետո երկուսն էլ պարեցին ավանդական հայկական պար` հյուրերի հիացական հայացքների ներքո:
Տոնական արարողությունը վարել են հաղորդավարներ Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնևան և Տանյա Գևորգյանը, եկույթ են ունեցել Ալլա Պուգաչյովան, Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Տիմատին, Վալերի Մելաձեն և Սոֆյա Ռոտարուն։