ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Իրավապահ մարմիններին տեղադրված ռումբի մասին ահազանգող մարդկանց պահվածքը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ, նշեց Կարինե Նալչաջյանը։
«Մի դեպքում պարզապես արկածախնդրություն է, մարդիկ ուզում են կյանքում սուր զգացողություններ ունենալ։ Դա ես կկապեի դրան շատ մոտ գտնվող մեկ այլ դրադապատճառի հետ՝ ինքնահաստատման ձգտման. երբ մարդը կյանքի տարբեր ասպարեզներում իր «ես»-ը հաստատված չի տեսնում, կարող է ոչ ադեկվատ ձևեր գտնել իր անձը հաստատելու համար»,- նշեց Նալչաջյանը:
Հոգեբանը չբացառեց նաև անձնական վրեժի տարբերակը, երբ մարդիկ կարող են այդպիսի քայլի դիմել ուղղակի ինչ-որ մեկի կյանքը փչացնելու համար: Կարող է լինել նաև դիտավորություն ավելի մեծ մասշատբներով` հասարակության մեջ վտանգի առկայության մթնոլորտ ստեղծելու համար, և սա կարող է մտածված լինել ինչ-որ ուժերի կողմից: Յուրաքանչյուր դեպքում, ըստ նրա, պետք է խորամուխ լինել պատճառների մեջ։
Հոգեբանը կարծում է, որ նման դեպքերը պակասեցնելու համար գուցե պետք է մեծացնել նման արարքի համար սահմանված պատժի չափը։
«Նման մարդիկ պատժից վախենում են, քանի որ չունեն ներքին արգելակման մեխանիզմներ, այդպիսի մարդիկ եթե պատժի ակնկալիք են տեսնում, դա նրանց կանգնեցնում է: Պետք է պատիժը համապատասխան լինի այն դրդապատճառների բնույթին կամ արարքի ծանրությանը, որ մարդը կատարել է»,- նկատեց Նալչաջյանը:
Իսկ նման գործողությունների թիվը, ըստ նրա, անհրաժեշտ է կրճատել, որովհետև եթե կեղծ ահազանգերը հաճախանան, մարդկանց մեջ կարող է առաջանալ տագնապի ընդհանուր զգացողություն:
«Տագնապը շատ ծանր զգացողություն է և կարող է տհաճ հոգեվիճակ առաջանցել մարդկանց մեջ, վնասել ընդհանուր հոգեբանական մթնոլորտը»,- նշեց նա:
Հոգեբանը միաժամանակ նկատեց, որ հայկական հասարակությունն ընդհանուր առմամբ կարողանում է խելամիտ կեցվածք ընդունել նման դեպքերում: