ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Նախօրեին տեղացած կարկուտը այգիներ ու ցանքատարածություններ է վնասել Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում և Երևանում, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Մասնավորապես` հունիսի 4-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի և Ողջաբերդ գյուղերում ժամը 18.20-ից մինչև 18.27-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր:
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում նախնական տվյալներով կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա):
Նույն մարզի Աշտարակ քաղաքում վնասվել է խնձորի այգի (մոտ 1 հա) և հատիկավոր մշակաբույս (լոբի)՝ մոտ 100 քմ:
Վայոց ձորի մարզի Խաչիկ և Գնիշիկ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են բերքատու ծառեր և ցանքատարածություններ:
Արմավիրի և Գեղարքունիքում մարզերում ևս ուժեղ կարկուտ է տեղացել և վնասել բերքը։ Երևանում էլ վնասվել են բերքատու ծառեր և լոլիկի թփեր։
Հաղորդման համաձայն` վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նշված տարածքները ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն պաշտպանվում կամ չեն վերահսկվում: