ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ամբողջ աշխարհի հայտնի պրոֆեսոինալ բեյսջամփերները (BaseJumper) թռիչքներ կկատարեն 320 մետր բարձրությունից` «Տաթևեր» ճոպանուղու սրահից, հայտնեց BASE Fest փառատոնի կազմակերպիչ Վիկտորյա Ափոյանը:
Նրա խոսքով` նման էքստրեմալ միջոցառում առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
«Պարաշյուտային դիսցիպլինայի եռակի չեմպիոն Գլեբ Վորևոդինը պրոֆեսիոնալ բեյսջամփերների թիմ է հավաքել: Ինքը` Գլեբը, հայտնի և տիտղոսավոր բեյսջամփեր է», — ասաց Ափոյանը:
Sputnik-ի զրուցակիցն ավելացրեց, որ Վորևոդինն ընտրել է աշխարհի լավագույն բեյսջամփերներին Տաթևի փառատոնին մասնակցելու համար:
Կան բեյսերներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից, որոնց թվում այնպիսիք, որոնք իրենց սեփական ավտոմեքենաներով են Շվեյցարիայից Հայաստան գալիս:
«Սկսնակ և անփորձ մարդիկ չեն կարող մասնակցել փառատոնին, քանի որ բեյսերը պետք է պարաշյուտով գոնե 300 թռիչք կատարած լինի», — ասաց Ափոյանը:
Նրա խոսքով` սա իսկապես էքստրեմալ սպորտաձև է։ Ընդհանրապես այն նվազագույն կետը, երբ պարաշյուտիստը պետք է քաշի օղակն ու բացի պարաշյուտը, որպեսզի չընկնի, 600 մետրն է: Սակայն Տաթևի փառատոնի մասնակիցները ստիպված կլինեն թռիչքն իրականացնել 320 մետր բարձրությունից:
Ափոյանը նաև ավելացրեց, որ համապատասխան պայմանագիր ստորագրելով` իրենց կյանքի համար պատասխանատվությունը, չնայած ապահովագրությանը, յուրքանչյուր մարզիկ ինքն է կրում:
Base Fest փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 5-10-ը: Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև անցկացնել քայլարշավ, բացօթյա մարմնամարզության դաս, բոլորին իր ցնցող ելույթը կներկայացնի DJKaroPillz-ը, ինչպես նաև կլինեն շաթլներ, որոնք կտանեն մինչև միջոցառման վայրը, խաղահրապարակներ և foodcourt: