ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:
Կառավարության որոշման նախագծի համաձայն` այս համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
Երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելությունների համար։