Աբխազիայի ֆուտբոլի հավաքականը ConIFA ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ հաղթեց Արևմտյան Հայաստանի ֆուտբոլիստներին 1:0 հաշվով, հայտնում է Sputnik Աբխազիան։
Խաղից մեկ ժամ առաջ «Դինամո» մարզադաշտում սկսեցին հավաքվել երկու հավաքականների երկրպագուները։ Մեկնարկից կես ժամ առաջ տրիբունաները գրեթե ամբողջությամբ լցված էին։ Ֆուտբոլի սիրահարները տարատեսակ ատրիբուտներ էին իրենց հետ մարզադաշտ բերել։
Մարզադաշտում տոնական տրամադրություն էր տիրում, երկրպագուները սպասում էին տպավորիչ ելույթին։
Թիմերը մեկական հաղթանակ ունեին առաջնության խմբային փուլում։ Երկու հավաքականներն էլ հաղթել էին Չագոսի հավաքականի հետ խաղում` Աբխազիայի թիմը հաղթել էր նրանց 9:0 հաշվով, իսկ Արևմտյան Հայաստանը գոլերի քանակով առաջնության ռեկորդ էր սահմանել` Չագոսի դարպասն ուղարկելով 12 անպատասխան գնդակ։
«Արևմտյան Հայաստան» թիմում ConIFA 2016 առաջնության ժամանակ խաղում են ֆուտբոլիստներ Բելգիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Աբխազիայից և Հայաստանից։