ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները չեն ոտնահարվում, ի տարբերություն Մերձբալթյան երկրների, Ուկրաինայի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների, Sputnik Արմենիային ասաց Արտասահմանում բնակվող հայրենակիցների իրավունքների պաշտպանության աջակցման հիմնադրամի ավագ խորհրդական Անատոլի Կովալյովը։
«Մարդու իրավունքների պաշտպանություն» (Հայաստանում հայրենակիցների իրավունքների պաշտպանության կենտրոնի մեկուկես տարվա գործունեությանը նվիրված ամփոփիչ համաժողով) թեմայով սեմինար-համաժողովը կազմակերպվել էր Երևանում։ Սեմինարը կայացավ «Հայրենակիցների իրավական պաշտպանություն» նախագծի շրջանակում` Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։
Սեմինար-համաժողովի նպատակը հայրենակիցների իրավական գրագիտության բարձրացման հարցերում փորձի փոխանակումն ու մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն էր, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև համագործակցության ընդլայնումը։
Կովալյովը կարծում է, որ ի տարբերություն Հայաստանի, իրավական պաշտպանության կենտրոնն այլ երկրների քաղաքացիներից հաճախ է բողոքներ ստանում այն մասին, «որ իրենց երկրորդ կարգի մարդ են զգում»։
«Հայաստանը հավանաբար ԱՊՀ երկրներից միակն է, որտեղ համապատասխան մարմինները ներգրավված են կառավարական և նախագահական մակարդակներով։ Նախագահի խորհրդին կից գործում է ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդակցական խորհուրդ, ինչպես նաև կառավարությանը կից գործում է ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողով», — նշեց Կովալյովը։
Նրա խոսքով` ԱՊՀ յուրաքանչյուր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը տարբեր կերպ է զարգացած։ Ամեն ինչ կախված է այս կամ այն երկրի օրենսդրությունից։ Օրինակ` Հայաստանում ազգային փոքրամասնություններին մեծ ուշադրություն է հատկացվում։
Կովալյովն ավելացրեց, որ հասարակական կազմակերպությունները տարբեր երկրներում տարբեր ակտիվությամբ են աշխատում։ Յուրաքանչյուրը շեշտը դնում է կոնկրետ ոլորտի վրա, օրինակ` մշակույթի կամ ռուսաց լեզվի տարածմանն ու աջակցմանը։
«Հայաստանում ճիշտ եմ համարում իրավական պաշտպանության կենտրոնի ստեղծումը. մինչ օրս դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիները չգիտեին ուր դիմել աջակցություն, խորհրդատվություն կամ էլ պարզապես բարոյական աջակցություն ստանալու համար։ Հայաստանն այս առումով առաջ է շարժվում, առաջընթաց է նկատվում», — նշել է նա։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովն իր հերթին նշեց, որ մարդու իրավունքները, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ՌԴ-ի այսօրվա քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է։
«Հայաստանում հայրենակիցների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիր չկա, ինչը կա որոշ այլ երկրներում։ Հայաստանն ամենաբարեկեցիկ երկիրն է այդ ոլորտում, որտեղ բացակայում է ակնհայտ խտրականությունը», — նշեց Շապովալովը։
Ըստ նրա` հայրենակիցներից ոմանք իրավաբանական գրագետ խորհրդատվության կարիք ունեն։ Նրանք կարող են նաև լեզվի հետ կապված խնդիրներ ունենալ, առավել ևս, որ խոսքը «իրավաբանական» լեզվի մասին է։
«Օրինակ` «Ռուսկոյե պոլե» կազմակերպությունը զբաղվում է հայրենակիցների աջակցման նախագծով։ Այսինքն` փաստաբաններն ու իրավապաշտպանները աջակցում են Հայաստանում գտնվող հայրենակիցներին։ Այսպիսով, նման դիմումների թիվը զգալիորեն նվազում է Հայաստանի ՌԴ դեսպանատանը», — ավելացրեց Շապովալովը։
Նրա խոսքով` քաղաքացիները նախկինում կարող էին դիմել դեսպանատուն կամ Գյումրու հյուպատոսություն, այժմ նրանք ուրիշ աղբյուրներից կամ հասարակական կազմակերպություններից տեղեկություններ ստանալու հնարավորություն ունեն։
Երևանում ԳՄՌԿ տնօրեն Մարկ Կալինինի խոսքով` Կենտրոնի և ԳՄՌԿ-ի համատեղ միջոցառումներն արդարացրել են իրենց, քանի որ նվիրված են եղել ռուսաց լեզվի աջակցմանն ու ՌԴ-ում ուսում ստանալուն։
Կենտրոնի տվյալով` կես տարվա ընթացքում իրավական օգնություն ստանալու նպատակով ավելի քան 700 հայրենակից է դիմել Կենտրոն։ Աշխատակիցներն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրել, անհրաժեշտության դեպքում հայդացիմումներ գրել դատարան ներկայացնելու համար։ Օգնություն է տրամադրվել հաշմանդամներին և անապահով հայրենակիցներին։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականի մարդահամարի համապատասխան, ազգային փոքրամասնությունների ամենախոշոր համայնքներից են եզդիների (35380 մարդ), ռուսական (11911), ասորական (2769) և քրդական (2062) համայնքները։