ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի-Sputnik, Գոհար Սարգսյան. Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է հայտարարել` լուսանկարվել Արցախի որևէ տեսարժան վայրի ֆոնին և տեղադրել համացանցում` այդպիսով իսկ կոչ անելով ընկերներին այցելել Արցախ ու այնտեղ անցկացնել արձակուրդը:
«Հիմա մի քիչ արդեն ժողովրդի հուզական վիճակը հանդարտվել է, ոմանք արդեն չեն մտածում Արցախին աջակցելու մասին, բայց այդ աջակցությունը չպետք է դրսևորվեր միայն մի քանի օրով, միայն էմոցիոնալ պոռթկումներով, այլ նաև հիմա առիթ է, որ մարդիկ ցույց տան, որ միասնական են ու Արցախի թիկունքին կանգնած իրենց գործողություններով ոչ միայն սոցցանցերում, այլ նաև հնարավորինս իրենց արձակուրդի մի մասը կազմակերպելով Արցախում»,- Sputnik Արմենիային ասաց Բեգլարյանը։
Նրա դիտարկմամբ` Հայաստանում շատերը մինչ օրս Արցախում չեն եղել։ Սա յուրահատուկ առիթ է` այցելել Արցախ, տեսնել հիասքանչ բնությունն ու տեսարժան վայրերը, միաժամանակ զարկ տալ տնտեսությանը։ Սա այն դեպքն է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ։
Նշենք, որ մի քանի ժամում Բեգլարյանի կոչին արձագանքել են հայտնի ու անհայտ մարդիկ։ Ալիքը շարունակվում է։