ԵՐԵՎԱՆ 22 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Մրցաշրջանի վերջնամասը շատ լարված ստացվեց, և չեմպիոնի հարցը վճռվեց միայն վերջին խաղերից հետո:
Երկար ժամանակ առաջնության առաջատար «Ալաշկերտը» միավորների զգալի պաշարով առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ: Սակայն երկու անընդմեջ պարտությունից հետո «Ալաշկերտն» արդեն նահանջելու տեղ չուներ, քանի որ առաջատարին ընդհուպ մոտեցել էր «Շիրակը»:
Վերջին խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմին «Միկայի» հետ խաղում չեմպիոնական տիտղոսն ապահովելու համար բավարարում էր ոչ-ոքի արդյունքը` «Շիրակի» համար անհասանելի դառնալու համար: Բայց «Ալաշկերտը» ռիսկի չդիմեց ու յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գնդակ` հաղթանակի հասավ «Միկայի» նկատմամբ` իր պատմության մեջ առաջին անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը:
«Շիրակը», սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնելով «Արարատին», առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակեց «Փյունիկը»: