ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:
Ամփոփելով զորավարժության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մատնանշել է առանձին դրվագների և ամբողջ զորավարժության ժամանակ աչքի ընկած առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին:
Որպես ձեռքբերում` առանձնացվել են հրամանատարների և շտաբների կառավարման ունակությունները, ստորաբաժանումների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը, զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին:
Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների կողմից բարձր մակարդակով իրականացված գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը: