ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի- Sputnik. Հաջորդ կայարանը… Երևանի մետրոյի ուղևորներն այսօր զարմանքով և հիացմունքով էին լսում անգլիացի մեծանուն բանաստեղծ և դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների տողերը։ Յուրաքանչյուր հատվածից հետո «ստորգետնյա բեմ» էին դուրս գալիս Փոքր թատրոնի դերասանները։
Երևանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում այսօր ուղևորները կարող էին հատվածներ լսել անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններից։
Այս տարի ողջ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400 տարին։ Հայաստանն անմասն չմնաց և միացավ «Շեքսպիրն ապրում է մետրոյում» նախագծին։ Երևանի Փոքր թատրոնի դերասանները հատվածներ ցուցադրեցին Shake Speare ներկայացումից։ Ելույթ ունեցան «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» մետրոյի կայարաններում։ Երկու կայարաններում դերասան Արսեն Գրիգորյանն ընթերցեց Շեքսպիրի ստեղծագործությունների տողերը։
«Առաջին տարին չէ, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրագործվում է «Գրական գիշեր» նախագիծը, որը տարբեր գրողների և բանաստեղծների է նվիրված։ Ես ուրախ եմ, որ կրկին դարձել եմ այս ներկայացման գլխավոր դերասանը»,- Sputnik Արմենիային ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` շատ կարևոր է, որ քաղաքացիների առօրյա կյանքում հանկարծակի հայտնվում է գրողը, իսկ այսօր նրանք հնարավորություն ունեին «հանդիպել» մեծ Շեքսպիրին։
«Ինձ համար անսպասելի չէր մետրոյում ելույթ ունենալը, քանի որ արդեն մի քանի տարի է` ելույթ եմ ունենում։ Շատ հետաքրքիր է նայել անցորդներին, նրանց արձագանքին։ Շատերը մի քանի վայրկյան լսում են, մյուսները մնում են մինչև վերջ»,- ասաց դերասանը։
Ինչպես նշեց Գրիգորյանը, մետրոպոլիտենը պատահական չի ընտրվել, որովհետև հանդիսատեսն անընդհատ փոխվում է, և դերասանները ստիպված չեն ելույթ ունենալ դահլիճի առաջ, որտեղ մի քանի ժամ շարունակ նույն հանդիսատեսն է լինում։
Նրանք, ովքեր լուսանկարել կամ տեսագրել են ներկայացումը, կարող են օգտագործել #ShakespeareLives հեշթեգը` կադրեր տեղադրելով սոցիալական ցանցում։ Լուսանկարներից մեկը հաղթող կճանաչվի, և մրցույթի կազմակերպիչները մրցանակ կտան հեղինակին։