ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի- Sputnik. Ադրբեջանի հետ սահմանի Նախիջևանի հատվածում սպառնալիքն անհամեմատ ավելի փոքր է, քան Ղարաբաղում շփման գծում, լրագրողներին ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով Վայոց Ձորի մարզում զինվորի մահը։
Հայ զինվորը մահացել է Նախիջևանի ինքնավար հանրապետության (Ադրբեջան) կողմից արձակած կրակոցից։ Միջադեպը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզի բնակավայրերից մեկի սահմանային դիրքում` Հայաստանի հարավ-արևելքում։ Սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական ռազմական վարչությունը հարուցել է քրեական գործ։
Միաժամանակ, նրա խոսքով, հայկական սահմանին ցանկացած կրակոց մտորելու առիթ է տալիս, անկախ նրանից` դա Ղարաբաղում է, Տավուշում, թե Նախիջևանի ուղղությամբ։
Ավելի վաղ Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, մեկնաբանելով Նախիջևանում զորքերի կուտակման մասին տեղեկատվությունը, հայտարարել էր, որ չնայած համեմատական հանգստությանը` հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում իրավիճակը կայծակնային արագությամբ կարող է փոխվել։