ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Արցախի անկախության ճանաչումը որևէ կերպ չի ազդի Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության վրա, կարծում է օրինագծի համահեղինակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին հավանություն էր տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:
«Երբ խոսում ենք լայնածավալ ռազմական գործողությունների մասին, դրանք արդեն կատարվում են։ Մենք կռվում ենք, իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ղարաբաղի ճանաչումը կամ չճանաչումը որևէ կերպ չի անդրադառնա լայնածավալ ռազմական գործողությունների վրա», — ասաց Փոստանջյանը։
Ըստ նրա` այս իրավիճակում Ղարաբաղը պետք է ճանաչվեր և պաշտպանվեր Հայաստանի կողմից։ ՀՀԿ կուսակցության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով` այդ հարցը պետք է մտնի օրակարգ ճիշտ ժամանակին, որը դեռ չի եկել։
«Իմ խորին համոզմամբ` ժամանակը դեռ չի հասունացել, մեզ համբերություն է անհրաժեշտ»,-ասաց նա: Զաքարյանը նշեց, որ պետք է այնպես անել, որ ԼՂՀ ճանաչման դեպքում Հայաստանը մենակ չլինի:
Օրինագիծն ԱԺ օրակարգում ներառելուն կողմ քվեարկեց 12 պատգամավոր։ Մյուսները չմասնակցեցին քվեարկությանը։