ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը: Դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունից Համլետ Հարությունյանը, իսկ մյուսները չմասնակցեցին քվեարկությանը:
Բացասական եզրակացություն ստանալը նշանակում է, որ օրինագիծը չի մտնի ԱԺ մեծ օրակարգ:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` պետք է ճանաչել ԼՂՀ-ն բայց անհամաձայնությունն այն է, երբ է այդ ժամանակը:
«Իմ խորին համոզմամբ դեռ չի հասունացել, մեզ համբերություն է անհրաժեշտ»,-ասաց նա: Զաքարյանը նշեց, որ պետք է այնպես անել, որ ԼՂՀ ճանաչման դեպքում Հայաստանը մենակ չլինի:
Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:
Ինչպես գործադիրի նիստում ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: