ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ զինվորներին առաքվող ողջ պարենամթերքը թարմ է, սննդարար և, ինչու ոչ, համեղ: Sputnik Արմենիայի թղթակիցը սեփական փորձով է պարզել՝ որքանով է այդ պնդումը համապատասխանում իրականությանը:
Զինվորներին առաքվող մթերքի որակին ծանոթանալու համար մեկնեցինք գլխավոր պարենային բազա: Հենց այստեղից է մթերքն ուղարկվում զորամասեր, ու հենց այստեղ են լաբորատորիաները ստուգում արտադրանքի որակը, որը հավաստագրվում է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ:
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանը հայտնում է, որ մթերքն այստեղից բեռնատարներով տեղափոխվում է Վանաձորի և Սիսիանի բազաներ:
Պահեստի խորքում մաքուր սառնարաններն են, որտեղ նաև միս է պահվում: Իսկ հատկապես մսի ծագման հարցը միշտ է հուզել զինվորներին ու նրանց հարազատներին: Համոզվելու համար, որ այստեղ ամեն ինչ բարձր մակարդակով է, մեզ առաջարկում են համտեսել «մենյուն»:
Ճաշացանկը, հիրավի, բազմազան է, փլավից և արագ պատրաստվող շիլաներից մինչև շոգեխաշած մսով ապուր, մարինադներ և այն ամենը, ինչ տեսնում եք լուսանկարում: Տեսքն ախորժալի է, փորձեցինք՝ համեղ էր:
Շարունակում ենք ճանապարհը: Հայաստանի ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը ցույց է տալիս ամառային զինվորական համազգեստը: Այն հարցին, թե ինչու է այն արագ գունաթափվում, պատասխանում է, որ դա որակի նշան է:
Համազգեստի կտորի բաղադրության հիմնական մասը բամբակ է: Եթե ամբողջությամբ սինթետիկ լիներ, ապա գույնը կպահպաներ և չէր մաշվի:
«Համազգեստը, որը չի մաշվում, չի կարելի կրել»,- ասում է Յոլչյանը և ցույց տալիս ձմեռային բաճկոնը; Այն կարծես ավելի լավն է, քան տարիներ առաջվա համազգեստը: Ի դեպ, համազգեստը կարում են 8 տարբեր ֆաբրիկայում:
Ճշտում ենք, որ բանակն արտադրանքի 92 տոկոսը պատվիրում է տեղի արտադրողներից: Դա վերաբերում է թե՛ պարենամթերքին, թե՛ զինվորական համազգեստին:
Մի քանի ժամ անց հասնում ենք Նախիջևանի՝ ժամանակակից Ադրբեջանի հարևանությամբ գտնվող դիրքեր:
Զինվորները ձիգ շարվում են բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Ստուգում ենք տեղի ճաշարանի «սառնարանը», որն իրականում ջերմամեկուսիչ պահարան է, և մթերքն այնտեղ համամատաբար ավելի երկար ժամանակ է թարմ մնում:
Սպաների ներկայությամբ զրուցում ենք զինվորների հետ, պատասխանը նույնն է. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է»: Հետո առանձին զրուցում ենք մեկ ուրիշի հետ, հարցնում ենք՝ ինչպես են սնվում, ուտելիքը համեղ է, թե ոչ:
«Ինչ-որ բան համեղ է, արագ ենք ուտում, ինչ-որ բան՝ այնքան էլ չէ, թեև սննդարար բաներ են: Դիրքերում վատ չեն կերակրում, ավելի շատ քաղցրավենիք են տալիս»,- ասում է զինվորը:
Մեկն ասում է, որ բանակում առաջին անգամ հնդկաձավար է կերել, մյուսն էլ՝ հավաստիացնում, որ այստեղ գիրացել է (նա իսկապես լավ տեսք ունի):
Մեր այցի կապակցությամբ այստեղ միայն ՊՆ-ի մակնշմամբ մթերք կարելի է տեսնել: Բայց գաղտնիք չէ, որ տնից ուղարկվող ծանրոցները զինվորի կյանքի անբաժանելի մասն են կազմում: Հարցնում ենք այդ մասին, բայց տեսնելով մոտեցող սպային՝ զինվորները լռում են:
Արդեն զորամասում ուսումնասիրում ենք գնդի ճաշարանը: Ամեն ինչ կարգով դասավորված է: Sputnik Արմենիայի թղթակիցներից մեկն այստեղ է ծառայել ու հաստատում է, որ այստեղ միշտ է կարգուկանոն եղել:
Ճաշարան մտնելուց առաջ զինվորները ձեռքերը մտցնում են քլորաջրի մեջ: Անկյունում մի քիչ ավելի ճոխ սեղան են պատրաստել հոբելյար զինվորների համար (իհարկե, առանց ալկոհոլի): Ինչպես ասաց գնդի հրամանատարը, դեռ խորհրդային ժամանակներից եկած ավանդույթ է:
Լրագրողներին նույնպես առաջարկում են միանալ զինվորներին և փորձել «տեղի խոհանոցը»: Ոչ բոլորն են քաղցած, բայց մոտենում ենք սեղանին:
Ճաշը համեղ էր, հաջորդ անգամ էլ ընթրիքը կփորձենք…