ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան: Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:
Այս մրցապայքարի վերջում ևս, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միանում է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին:
Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվում են մեր հավաքականի անդամաների վրա: Տպավորություն էր, թե նախապես ծրագրված է եղել այդ սադրանքը ու դրա համար են ադրբեջանցիներն իրենց հետ դահլիճ բերել մահակներ:
Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:
Ի դեպ, արցախցի մարզիկն ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է: