ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Երևանից կմեկնի Հռոմ: