ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտություն առայժմ չկա, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հստակ հայտնել է։
«Եթե շարունակվի պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի նախապատրաստման ընթացքին, Աբրահամյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե այն ուշանում է, և հայտնեց, որ այն «քննարկման, նախապատրաստական փուլում է»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-9-ը ԼՂՀ-ում էր, որտեղ պաշտոնական անձանց հետ հանդիպումներից զատ այցելել էր նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր:
ՀՀ վարչապետը ներկայացրեց այցելությունից իր տպավորությունը։
«Սկսած զինվորներից, սպաներից, գեներալներից, քաղաքական գործիչներից` բոլորի մոտ շատ բարձր վստահություն կար մեր ապագա հաղթանակների նկատմամբ։ Քննարկել ենք նաև տնտեսական խնդիրներ»,- ասաց վարչապետը։