ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի-Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Սահակյանն ընդգծել է, որ Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են, Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմների ժամանակ հայ ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու և խաղաղություն հաստատելու գործին:
«Տասնամյակներ անց նրանց սերունդներն արժանապատիվ հաղթանակ կերտեցին ժամանակակից` ադրբեջանական ֆաշիզմի դեմ` հաղթելով Արցախյան պատերազմում, հաղթանակ, որի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր: Քաղաքակիրթ մարդկության կողմից մերժվող սովորական այդ ֆաշիզմը փորձեց գլուխ բարձրացնել նաև շուրջ մեկ ամիս առաջ, սակայն այլատյացությամբ հագեցած և խաղաղության դեմ ուղղված ադրբեջանական խելացնորությունը հերթական անգամ խոնարհվեց հայկական բանակի զինվորի ու սպայի` հաղթանակելու և խաղաղություն պարտադրելու կամքի և ոգու առաջ»,-նշել է նա։
Սահակյանի խոսքով` մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ, ինչպես և աշխարհի շատ մասերում, խաղաղության պակաս կա, բայց ոչ հաղթանակի ավելցուկ: Հայերը՝ որպես պատվախնդիր ժողովուրդ, որն ունի հաղթանակած և հաղթող բանակ, կարողանում է լրացնել խաղաղության պակասը, կարողանում է ավելացնել իր հաղթանակները, «որովհետև գիտենք` ինչպես ձեռք բերել և ինչպես պահպանել դրանք»:
«Մեր տարածաշրջանում դեռևս կան ֆաշիզմի ախտից չձերբազատվող պետություններ, որոնք իրենց անբարո և ապաշնորհ գործելակերպով անընդհատ ձգտում են ավելացնել մեր հաղթանակները և ամրապնդել տարածաշրջանային խաղաղարարի մեր համբավը: Մենք դա կարող ենք անել, և անհրաժեշտ պահին, վստահաբար, գալու է նաև վերջին զարկի, հերթական հաղթանակի և հիմնավոր խաղաղության մոտալուտ ժամանակը, որոնք բացի մեզնից` ոչ ոք մեզ չի մատուցելու: Այդ գաղափարն էին կրում մեր այն զոհված հերոսները, ովքեր ինքնազոհաբերվեցին հայրենիքին, ժողովրդին ու հաղթանակին»,-նշված է ուղերձում։
Գալուստ Սահակյանը հայ ժողովրդին մաղթել է հաղթանակելու լավատեսություն և խաղաղ ու բարեկեցիկ կյանք։