ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրն ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, հայնտում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդման` նրանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների համար:
Հանրապետության նախագահը կարևորել է Հայաստանի անկախացումից ի վեր արգենտինահայերի ներդրումը նաև Հայրենիքի զարգացման ու հզորացման գործում: Նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա բարերարները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայտնի գործարարներ են՝ նախագահը նրանց հետ քննարկել է երկրի տնտեսության համար հեռանկարային ոլորտներում գործարարների կողմից ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, որը նոր աշխատատեղերի բացման, երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավման տեսանկյունից մեծապես օգտակար կլինի ինչպես պետությանը, այնպես էլ գործարարներին:
Արգենտինահայ բարերարները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում տարեցտարի դրական փոփոխություններ են նկատում, և իրենք ևս մտորում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացնելուն: Այս ուղղությամբ ՀՀ նախագահի հետ անկեղծ քննարկումներն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները ոգևորիչ և օգտակար են համարել: