ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մոսկվան հաստատում է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի բանակցային գործընթացին. թեման շարունակում է օրակարգային մնալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմաթիվ անգամ ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով։ Մենք` որպես միջազգային միջնորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պատրաստ ենք կողմերին աջակցել այդ նպատակն իրականացնելու գործում», — ասաց նա։
Զախարովան նշել է, որ այդ թեման շարունակում է արդիական մնալ ԱԳՆ օրակարգում։
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։