ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Աշոտ Ահարոնյանը նշել է, որ ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:
«Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի»,- գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը:
Ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում ընթերցել էին նախագահական նստավայրին ուղղված իրենց պահանջները եւ երթով ցանկացել էին հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չէին տվել:
Բախումներ էին տեղի ունեցել, և 42 քաղաքացի վարչական ձերբակալման էր ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ եղել էին նաև լրագրողներ, որոնք հետագայում ահազանգել էին ոստիկանների բռնությունների մասին: