ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարկված հաղորդագրության համաձայն` դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:
Դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ հանդիպումներ են նախատեսված ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ:
akhaltskha.net-ի փոխանցմամբ, ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդները ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ կրակ վառելու և այդպես հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հասնելով իրենց գյուղի տարածքում գտնվող սրբավայր հանդիպել են մարդկանց, որոնք խնջույք են արել եւ գտնվել են ոչ սթափ վիճակում: Այդ մարդիկ հարեւան Վալե քաղաքից են եղել: Իրար չհասկանալով կռվի են բռնվել, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ հարթվել է: Իսկ կեսգիշերին Ախալցխայի ոստիկանությունը բազմաթիվ երիտասարդների ոստիկանության տեղամաս է տարել։