ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը՝ չնայած «Աղետ» երաժշտական նախագծի շուրջ ծագած սկանդալին, մտադիր է նոյեմբերին ելույթ ունենալ Թուրքիայում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թուրքիան պահանջեց դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի աջակցությունը, քանի որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» երաժշտական նախագծին: Անկարան վերջնագրի տոնով պահանջեց Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից հեռացնել նախագծի մասին տեղեկությունը:
Թեև նվագախմբի ինտենդանտ Մարկուս Ռինդտն այդ քայլն անվանեց «ազատ արտահայտվելու դեմ դրսևորված ոտնձգություն», այնուհանդերձ նախագծի մասին տեղեկությունը հանվեց Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից:
Երաժիշտների հետ կապված սկանդալը ցնցեց գերմանացիներին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին, որոնք տեղեկությունը կայքից հանելու փաստն անվանեցին Թուրքիային ենթարկվելու նվաստացուցիչ քայլ:
Ինչպես հաղորդում է ռուսական Առաջին ալիքը, տեքստն ավելի ուշ կրկին հայտնվեց կայքում, և «Ցեղասպանություն» բառն էլ տեքստից չհանվեց, պարզապես ավելացավ հետևյալ մակագրությունը. «Եվրոպական միությունը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրվող բովանդակության համար»:
Այս միջադեպից հետո շատերը Գերմանիայում սկսեցին խոսել այն մասին, որ սա իսկական ահազանգ էր, և Թուրքիայի նկատմամբ կարծիք արտահայտելու վախն արդեն եվրոպական ինստիտուտներ է թափանցել:
Թուրքիան հերքում է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության փաստը և չի ճանաչում այն: Այդ նպատակով 2015թ.-ին ծնվել է «Աղետ» նախագիծը, որը միավորել է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի, Թուրքիայի, նախկին Հարավսլավիայի երաժիշտներին: Նախագծի հովանավորն է Եվրահանձնաժողովը: