ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կամավոր զինվորագրվել է, սակայն իրեն դեռ հերթ չի հասել առաջնագիծ գնալու համար:
«Այս դեպքերը պարզ դարձրին, որ մենք հիանալի ժողովուրդ ենք ու արժանապատիվ ապրելու իրավունք ունենք: Այս ընթացքում կարողացա դասեր քաղել, որ պետք է ոչ միայն այս վտանգի պահին լինենք հայ զինվորի կողքին, այլև մշտապես: Այդ միասնությունը պետք է պահպանել ու վայր դնել կուսակցական բոլոր դրոշակները, մտածել մեր ժողովրդի, բանակի մասին: Եթե կա հնարավորություն էլ ավելի զինել ու համախմբել մեր ժողովրդին, ապա դա պետք է անել, և այդպիսով մեզ հաղթել չի լինի,- ասաց Արա Գևորգյանն ու ավելացրեց.- Եթե այսքան ժամանակ չեն կարողացել հայերին ոչնչացնել, ուրեմն չեն էլ կարողանա:
Նա խոսեց նաև ազատագրված տարածքներ զիջելու հնարավորության մասին։ Նշեց, որ խաղաղության կողմնակից է և հույս ունի, որ խաղաղությունը կհաստատվի հայության համար շահավետ տարբերակով:
«Երբ մեզ պարտադրված է պատերազմ, մենք ստիպված ենք խաղաղություն պարտադրել, դրա ժամանակ ինչ կշահենք, ինչ կզիջենք, չենք հաշվում: Տա Աստված, որ մենք միշտ շահողի դերում լինենք, քանի որ անընդհատ պատմության ընթացքում փոքրացրել են մեզ, պետք է կարողանալ առիթը ճիշտ օգտագործել ու ընդլայնվել: Ես խաղաղության մարդ եմ, եթե կարելի է խաղաղ բանակցությունների միջոցով պահպանել այդ ամենը, ես միայն դրա կողմնակիցն եմ»,-շեշտեց երաժիշտը:
Արա գևորգյանը հայտնեց նաև, որ իր արտասահմանցի գործընկերների հետ հավաքել են 360 հազար դոլար, որն ուղղելու են զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը:
