ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Ըստ հաղորդման` Հեղինե Հ.-ն նշել է, որ 2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել՝ արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված իր անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու և սեղմ ժամկետում իրեն հատկացնելու համար:
«Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում:
Կատարվում է նախաքննություն:
