ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Նազիկ Արմենակյանը վերջին տասնամյակում մրցման մեջ էր մտել մահվան հետ։ Նա ամբողջ աշխարհում փնտրում էր Հայոց ցեղասպանությունից փրկվածներին, որպեսզի հասցնի հավերժացնել նրանց:
Նրան հաջողվեց գտնել Ցեղասպանությունը վերապրած 45 մարդու: Երբեմն նա հասնում էր Հայաստանի ամենախուլ գյուղերը և իմանում, որ մահն իրենից առաջ է այնտեղ եղել:
Մի անգամ նա հասավ մի հեռավոր գյուղ և տեսավ հեռացող դիակառքը: Այս տեսարանից նա արտասվեց:
«Ես ուզում էի գնալ, բայց հասկացա, որ նույնիսկ մահացած` նրա լուսանկարը կարող է օգնել այս հարցում: Ես պետք է լուսանկարեի նրան, որպեսզի ապացուցեի, որ ապրելով նույնիսկ 100 տարի` այդ մարդիկ հավերժ չեն», — ասել է Արմենակյանը:
Աղջիկը կարողացավ հավերժացնել Ցեղասպանությունից փրկված 45 մարդու պատկեր, սակայն այսօր նրանցից ողջ է միայն երկուսը:
Վարսենիկ Լագեսյանը ծնվել է 1908 թվականին Մուսալեռի Յողունոլուկ գյուղում:

«Կամ մենք նրանց կսպանենք, կամ նրանք մեզ` ահա թե ինչ էինք մենք մտածում, երբ թուրքերը մտան գյուղ: Նրանք ասացին, որ մենք պետք է լքենք մեր տները: Մեծահասակները` կանայք և տղամարդիկ ժողով հրավիրեցին և որոշեցին բարձրանալ լեռը: Ես լավ եմ հիշում, թե ինչպես ֆրանսիական նավերը մեզ վերցրեցին և տարան Եգիպտոս: Մենք փրկված էինք և ուրախ դրա համար», — ասաց Լագեսյանը:
Մարդկանց մեծ մասը, ում հետ Արմենակյանը կարողացել է հանդիպել 1990-ականներին և 2000-ականներին, այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունում որոշեցին ոչնչացնել հայերին, երեխաներ էին: Նրանք տեսան զանգվածային հալածանքները, հաղթեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում, ականատեսը եղան Խորհրդային միության փլուզմանը և Հայաստանի անկախության կայացմանը:
Ցեղասպանության մասին խոսել նրանք կարողացան միայն 90-ականներին, քանի որ Խորհրդային տարիներին այդ թեման արգելքի տակ էր: Կոմունիզմի տարիներին Ցեղասպանությունը հիշատակելու համար Սիբիր էին աքսորում:
Մարի Վարդանյանը ծնվել է 1907 թվականին Մալաթիայում:
«Մենք մեծ տուն ունեինք: Մենք նույնիսկ մի քանի սենյակ էինք վարձով տալիս: Ժամանակին մեր տանը երկու թուրք ուսանող էր ապրում, նրանք առաջատար համալսարաններից մեկում էին սովորում: Նրանք ուզում էին հայկական տանն ապրել, որպեսզի սիրավեպեր չունենային հայ աղջիկների հետ: Այդ պարագայում նրանք բարձր պաշտոններ չէին կարող զբաղեցնել կառավարությունում, եթե հայուհու սիրահարվեին: Հետո սկսվեցին սպանությունները: Տատիկս վաճառեց մեր տունը, իսկ գումարը տվեց պետությանը, որպեսզի նրանք չձերբակալեն հորս: Մենք թաքնվեցինք թուրքերի տանը: Լավ թուրքեր էլ կային: Հրաման ստացվեց` կախաղան հանել այն թուրքերին, ովքեր իրենց տանը հայերի կթաքցնեն», — պատմեց Վարդանյանը:

Արմենակյանն իր հերոսներից յուրաքանչյուրի հետ մի քանի օր էր անցկացնում: Նախքան նրանց լուսանկարելը, նա օգնում էր նրանց հոգալ առօրյա հոգսերը, շփվում էր նրանց հետ և արժանանում նրանց վստահությանը: Միայն այդպես կարելի էր անկեղծ պատմություն լսել այն մարդկանցից, ովքեր վերապրել էին անհնարինը:
Լուսանկարչի խոսքով` ինքը պատասխանատվություն էր զգում տեղ հասցնել այն մարդկանց պատմությունները, ովքեր իրենց մանկության հիշողություններն էին իրեն վստահել:

