ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
«Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են: Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է»,- նշել է նախագահը:
Նշելով, թե ինչը չի փոխվել, նախագահն ընդգծել է, որ չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ: Սա, ըստ նրա, հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում:
«Մասամբ փոխվել է թուրքական հասարակությունը: Այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ: Վաղն իմանալու է ավելին, քան գիտի այսօր, եթե իհարկե չխեղդեն ազատ խոսքն ու մամուլը, չգնդակահարեն և չձերբակալեն պատգամավորների, հասարակական գործիչների ու խմբագիրների: Ճշմարտությունը, թեև դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը»,- ասված է նախագահի ուղերձում։
«Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը»,- հայտարարեց ՀՀ նախագահը:
Սարգսյանը նշեց, որ այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները:

