Նախապապիս՝ Վարազդատ Մուրադյանի ընտանիքը, Ղարսից է: Ցեղասպանության ժամանակ նրա ծնողները, եղբայրը և երկու քույրերը կարողացել են փախչել Արմավիր: Այնտեղ եկեղեցում նախապապիս քրոջը՝ Մարիամ Մուրադյանին, նկատել է վայելչակազմ մի կին` Աղաջանյանների ունևոր ընտանիքից: Մարիամը 15 տարեկան է եղել, երբ Գալուստ Աղաջանյանի ծնողները գնացել են նրանց տուն՝ Մարիամի ձեռքը խնդրելու: Նրանք հայ կին են փնտրել իրենց որդու համար Ամերիկա մեկնելուց առաջ:
Մարիամը և Գալուստը նշանվել են: Աղաջանյան ընտանիքը ցանկացել է նոր ազգականներից գաղտնի լքել երկիրը: Նրանք գիտեին, որ Մարիամի ծնողները դեմ կլինեն իրենց հեռանալուն, սակայն ճակատագրի բերումով նրանց մեկնելու օրը Մարիամի մայրը հյուր է գնացել նրանց: Տեսնելով ճամպրուները՝ նա շատ է վշտացել: Կինը չի ցանկացել, որպեսզի աղջիկը հեռանա: Այդ ժամանակ եկել է նաև Մարիամի հայրը, ով տեսնելով կնոջն արտասվելիս` հանգստացրել է նրան և ասել, որ դա «Մարիամի ճակատագիրն է», և չի կարելի դեմ գնալ դրան:
Եվ այսպես` 1922թ.-ին Աղաջանյան ընտանիքն իր հարսնացուի՝ Մարիամի հետ մեկնել է Ամերիկա: Նրանց ճանապարհը տևել է երկու ամիս: Ամերիկայում ծնվել է Մարիամի և Գալուստի դուստրը՝ Վարդուհին, ով հետագայում դարձել է Ռոզ: