ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի-Sputnik. Եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով` նախապես որոշված էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին պետք է իրականացներ ծախսերը։ Կառավարությունն այսուհետ իր վրա է վերցնելու այդ ծախսերը։
ՀՀ առողջապահության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԱԱԾ-ի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ստեղծի Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատի դրա կազմը և աշխատակարգը:
Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը, որը որոշվում է ՀՀ ուղևորատրանսպորտային փոխադրումներ իրականացնող առնվազն երեք կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա: Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է` հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:
