ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման խնդիրն իրականացնելու է պարեկապահակետային ուժեղացված ծառայությամբ՝ համայնքային ոստիկանության մեծաթիվ ծառայողների մասնակցությամբ: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում։
Առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ ոստիկանությունը մինչ օրս լիազոր մարմնից կարծիք ստանալու նպատակով ծանուցումներ չի ստացել: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նման իրազեկումներ կարող են ներկայացվել հավաքի անցկացման օրվանից նվազագույնը 7 օր առաջ:
«Հիշյալ ժամկետն ինքնանպատակ չէ, և ոստիկանությանը հնարավորություն է տալիս նախապես միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը, հավաքի բնականոն ընթացքը, հավաքի մասնակիցների անվտանգությունը և այլոց իրավունքներն ապահովելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Նկատի ունենալով, որ իրազեկում ներկայացնելու վերը նշված ժամկետը բաց է թողնվել, ոստիկանությունը, հնարավոր հավաքներով պայմանավորված՝ ուժերի և միջոցների բաշխում չի իրականացրել:
Օրենքով սահմանված միջոցներով հավաքների հնարավոր սահմանափակումները բացառելու նկատառումներով ոստիկանությունը քաղաքացիներին, հասարակական միավորումներին ու շարժումներին կոչ է անում՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրենց սահմանադրական իրավունքն իրացնել բացառապես օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:
Ոստիկանությունը վստահ է, որ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կոչը պատշաճ արձագանք կգտնի հանրության կողմից:
