ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ հայ զինվորը հերթական անգամ ցույց տվեց բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, նրանք դառնում են ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը:
«Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք»,- նշեց ՀՀ նախագահը:
Նրա խոսքով` ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը: Մնում են նույնը ու հաղթում են:
«Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, և փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել»,- ընդգծեց Սարգսյանը:
Նախագահը փաստեց, որ այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ: Ըստ նրա` ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա:
Սարգսյանն ընդգծեց, որ իր համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը, իսկ Ադրբեջանում իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների: Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք, ըստ նախագահի, հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները:
«Այդպիսի զինվորը չի կարող նորմալ զինվոր համարվել, այդպիսի դաստիարակությունը լավ տեղ տանել չի կարող: Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ ահաբեկիչ բառի հիմքում կա նաև ահաբեկել բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ: Մենք դա չենք կարող անել»- ասաց ՀՀ նախագահը:
Սարգսյանը նշեց, որ մի վայրկյան անգամ չի կասկածում, որ հայերը բոլորը միասին, յուրաքանչյուրն իր տեղում կատարելու է Հայրենիքի զինվորի պարտականությունները, «իսկ այդ պարտականությունները սուրբ են»:
«Անփորձանք ծառայություն, թեև պատերազմի ժամանակ այս բառերը մի տեսակ լուրջ չեն հնչում: Փա՛ռք ձեր ծնողներին, փա՛ռք այն ընտանիքներին, որտեղ դուք ծնվել ու դաստիարակվել եք, փա՛ռք ձեր ուսուցիչներին: Շնորհակալ եմ»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: