ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի- Sputnik. «Միսս կուրծք 2016» կնոջ գեղեցկության բարեգործական մրցույթը կբացահայտի Վրաստանում ամենագեղեցիկ կուրծք ունեցող կնոջը, Sputnik Գրուզիային են հայտնել Adamashvili & Company-ի կազմակերպիչները։
«Միսս կուրծք 2016» մրցույթն առաջին անգամ է անցկացվում Վրաստանում։ Միջոցառման ժամանակ փոխանցված նվիրատվությունները կօգնեն կրծքագեղձի քաղցկեղով, ինչպես նաև անորեքսիայով տառապող կանանց։
Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը բնական կրծքի առնվազն 4-րդ չափսն է, ինչպես նաև 18-37 տարեկան տարիքային սահմանափակումը։
Կազմակերպիչների խոսքով` մրցույթի նպատակը մարմնի բնական համամասնությունների քարոզչությունն է։ Կարգախոսն է` «Հաջողակ դարձիր սեփական բարեմասնությունների և ոչ թե պլաստիկ վիրաբուժության շնորհիվ»։
«Տվյալ պահին մենք ընտրել ենք 7-8 մասնակցի։ Մեզ շատ աղջիկներ են դիմում, բայց դժբախտաբար ոչ բոլորն են համապատասխանում մեր մրցույթի չափանիշներին։ Մրցույթն անցնելու է չորս փուլով, որոնցից մեկը` Բաթումիում։ Մայիսի 20-ին նախատեսված կիսաեզրափակիչ փուլում հայտնի կդառնա, թե ով է մասնակցելու եզրափակիչ փուլին»,- ասել է Ադամաշվիլին։
Մասնակիցներին կգնահատի 12-հոգանոց ժյուրին, որի կազմում նաև պլաստիկ վիրաբույժ կլինի։
«Միսս կուրծք 2016» գեղեցկության մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի մայիսի 25-ին։
Մրցույթի ընտրական փուլն արդեն սկսվել է։ Գրանցվելու համար պետք է դիմել կազմակերպիչներին։
Կազմակերպիչները` Nino Adamashvili & Company-ն և «Art House» ընկերությունները, պատրաստվում են գեղեցկության մրցույթն ամենամյա դարձնել։