ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի- Sputnik. Apple-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ ընկերությունը մեկ տարում սեփական հին հեռախոսներից և պլանշետներից շուրջ մեկ տոննա մաքուր ոսկի է հանել: Այդ մասին նշված է ընկերության՝ 2015թ.-ի բնապահպանական պատասխանատվության մասին հաշվետվությունում:
Ոսկուց բացի, Apple-ն իր հին սարքերից հանել է երեք տոննա արծաթ և ավելի քան 1,3 տոննա պղինձ: Այդ թանկարժեք մետաղները հանվել են հին սարքերից, որոնք օգտատերերը կարողացել են հանձնել հեռախոսների և պլանշետների օգտահանման ծրագրով: Փոխարենը ծրագրի մասնակիցներին առաջարկել են կտրոններ՝ ժամանակակից մոդելների սարքեր գնելու համար:
Մետաղի ընթացիկ գների վերահաշվարկը ցույց է տվել, որ ընկերությունը, նույնիսկ նոր սարքեր չարտադրելով, վաստակել է 39,76 մլն դոլար՝ սարքերից հանված ոսկու և ավելի քան 1,5 մլն դոլար՝ արծաթի հաշվին:
Այդ մետաղները Apple-ի ներկայացուցիչների հավաստմամբ կօգտագործվեն նոր սարքերի էլեկտրոնային բաղադրիչների պատրաստման ժամանակ, քանի որ ոսկին կայուն է կոռոզիայի նկատմամբ և օժտված է էլեկտրականության հիանալի հաղորդելիությամբ: